Ամերիկա-իրանական բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ Ժնևում կամ Իսլամաբադում։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ գործակալության տվյալների՝ կողմերը քննարկում են հերթական հանդիպումը Պակիստանի մայրաքաղաքում անցկացնելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաները որպես բանակցությունների նոր փուլի հավանական վայր նշում են Ժնևը։
Նշվում է, որ Իրանի և ԱՄՆ ներկայացուցիչների հանդիպման հստակ ժամանակն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն հավանականություն կա, որ բանակցությունների նոր փուլը կարող է կայանալ արդեն ապրիլի 16-ին:
Ապրիլի 11-ին Իսլամաբադում Իրանն ու Միացյալ Նահանգները բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել: Իրանական պատվիրակությունը գլխավորել է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ամերիկյանը՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Ինչպես ավելի ուշ հայտնել են Թեհրանն ու Վաշինգտոնը, մի շարք տարաձայնությունների պատճառով կողմերին չի հաջողվել համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման շուրջ: Բանակցությունների հնարավոր նոր փուլի մանրամասները դեռևս անհայտ են:





























