Իսրայելի պաշտպանության բանակն (ՑԱԽԱԼ) աննախադեպ կորուստներ է կրում Լիբանանում։ Այս մասին հայտնել է ամերիկյան Military Watch Magazine (MWM) ամսագիրը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։

«Իսրայելական տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ ցամաքային զորքերի վերջին կորուստներն իրենց ծավալով աննախադեպ են առնվազն 1980-ականներից ի վեր։ Այն ժամանակ՝ նախորդ պատերազմի ընթացքում, իսրայելական բանակը Լիբանանում բախվում էր Սիրիայի արաբական բանակի և տեղի զինված խմբավորումների հետ», - նշվում է նյութում։

Ըստ պարբերականի՝ «Հեզբոլլահն» ուժգնացրել է Իսրայելի պաշտպանության բանակի զրահատեխնիկայի ուղղությամբ հասցվող հարվածները։ Իսրայելական թիրախները խոցելու համար խմբավորումը հիմնականում կիրառում է հարվածային դրոններ։

Լիբանանյան ուժերին հաջողվել է խոցել Merkava IV տանկեր, Caterpillar D9 զրահապատ բուլդոզերներ և Namer զրահափոխադրիչներ։ Ընդգծվում է, որ 1980-ականներից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակը նման ահռելի կորուստներ դեռ չէր կրել։