Ինչո՞ւ պետք է գազի գինը բարձրանա։ Ռուսաստանի նախագահը նման ակնարկ չի արել. նման ակնարկներ անում են հայաստանյան որոշ քաղաքական ուժեր և նրանց ենթակա լրատվամիջոցները։ Այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։
Նրա խոսքով՝ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, իրենց տերերի հրահանգով, փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական խնդիրներ են առաջացել։ «Դուք նկատի ունե՞ք, որ Ռուսաստանը ինչ-որ պայմանավորվածություններ չկատարի, թշնամական գործողություններ կատարի։ Ինչի՞ համար»,- հավելել է նա։
Ռուբեն Ռուբինյանն այս ամենը «փուչիկ» անվանեց. «Ես գիտեմ՝ ինչու են այն ուռճացնում։ Որովհետև կալուգացի օլիգարխը պատրաստվում է դա դարձնել քաղաքական արշավի մաս»։ Նա վստահություն հայտնեց, որ այդ «փուչիկը» փչել չի հաջողվի։
Ազգային ժողովի փոխնախագահի գնահատմամբ՝ Ռուսաստանում հնչող թեմաները նոր չեն. դրանց մասին խոսվել է նաև նախորդ տարիներին։ «Ինչպես տեսնում եք տարիների ընթացքում ոչ մի կատաստրոֆա տեղի չի ունեցել։ Ռուսաստանը մեզ բարեկամ երկիր է, մենք շարունակում ենք մեր բարեկամական հարաբերությունները և բնական է, որ ոչ բոլոր հարցերի շուրջ ենք համաձայնություն ունենալու», - բացատրել է նա։
Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ երկաթուղիների հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել. այն չի պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել Ռուսաստանի թիկունքում։ «Մենք չենք ցանկանում որևէ հարց սրել։ Բայց մենք ունենք կոնկրետ խնդիր, և այն քննարկվում է»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նկատել էր, որ Եվրոպայում գազի գինն անցնում է 600 դոլարից (հազար խորանարդ մետրի համար), այնինչ Մոսկվան Երևանին այն մատակարարում է 177 դոլարով։ «Տարբերությունը մեծ է»,- նշել էր Պուտինը։











