Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը վատացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահի հասցրած հարվածից։ Այս մասին ապրիլի 14-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Օգտվելով նիստերի դահլիճում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի ներկայությունից՝ պատգամավորը գերատեսչությանը կոչ է արել աջակցել Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու հարցում և նրան սովորական կալանքից տեղափոխել տնային կալանքի, քանի որ դպրոցականն ունի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են քննչական մեկուսարանում գտնվելու հետ։ «Նա ունի լրջագույն առողջական խնդիրներ, որոնք ոչ միայն իր առողջական վիճակով են պայմանավորված: Նաև խորը համոզմունք ունենք, որ այդ առողջական խնդիրները ծագել են վարչապետի թիկնազորի անդամներից մեկի կողմից հասցված հարվածի հետեւանքով։ Դավիթ Մինասյանի տվյալները խոսում են այն մասին, որ նա բացառիկ գիտելիքներ ունեցող սան է, և, ցավոք սրտի, համակարգը պարզապես լռում է», - նշել է Գալստյանը, հավելելով, որ չնայած այս ամենին՝ դատախազությունը մերժել է Դավիթի ընտանիքի անդամների միջնորդությունը՝ նրան տեղափոխելու վերաբերյալ։ Վերջիններս, մասնավորապես, խոստացել էին ապահովել տնային կալանքի բոլոր պայմանների պահպանումը։

Ի պատասխան՝ փոխնախարարը նշել է, որ այս հարցերն իր իրավասության մեջ չեն մտնում։