Երկուշաբթի օրը իրանական նավահանգիստներից դուրս եկած առնվազն երկու նավ է հատել Հորմուզի նեղուցը՝ չնայած ԱՄՆ-ի հայտարարած ռազմական շրջափակմանը։ Այս մասին են վկայում երեքշաբթի օրը հրապարակված ծովային հետագծման տվյալները, հայտնում է AFP-ն։
Kpler վերլուծական կենտրոնի տեղեկություններով՝ սրանք այն չորս նավերից երկուսն են, որոնք կապ ունեն Իրանի հետ և օգտվել են այս երթուղուց հենց այն պահին, երբ ուժի մեջ է մտել ամերիկյան կողմի սահմանած արգելքը (Գրինվիչի ժամանակով 14:00-ին):
Մասնավորապես, Լիբերիայի դրոշի ներքո նավարկող «Christianna» բեռնանավն, իրանական «Բանդար Իմամ Խոմեյնի» նավահանգստում 74 հազար տոննա եգիպտացորեն բեռնաթափելուց հետո, նույն օրը երեկոյան անարգել անցել է նեղուցում գտնվող Լարաք կղզու կողքով։
Երկրորդ նավը Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող «Elpis» տանկերն է, որը Գրինվիչի ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին գտնվել է Լարաք կղզու մոտակայքում, իսկ արդեն 16:00-ի սահմաններում դուրս է եկել նեղուցից։ Kpler-ի տվյալներով՝ նավը բեռնված է եղել 31 հազար տոննա մեթանոլով և իրանական Բուշեր նավահանգստից ճանապարհ է ընկել դեռևս մարտի 31-ին։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ շրջափակումը տարածվելու է «բոլոր այն երկրների նավերի վրա, որոնք մուտք են գործում իրանական նավահանգիստներ ու մերձափնյա շրջաններ (կամ դուրս գալիս այնտեղից)»։
Չինական «Rich Starry» տանկերը նույնպես հատել է նեղուցը երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը՝ անցնելով Լարաք կղզուց հարավ ընկած և Իրանի կողմից հաստատված ստուգման երթուղով։
Ըստ Kpler-ի տվյալների՝ նավը 31,500 տոննա մեթանոլ է տեղափոխում և, դատելով տրանսպոնդերի փոխանցած տեղեկություններից, ուղևորվելուց է եղել դեպի օմանյան Սոհար նավահանգիստ։ Լրատվամիջոցները, այդ թվում՝ ծովային ոլորտի առաջատար պարբերական Lloyd's List-ը, չինական նավի անցումը որակել են որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած շրջափակման յուրօրինակ «փորձարկում»։ Միևնույն ժամանակ, ծովային վերլուծաբանները նախազգուշացնում են, որ նեղուցի շուրջ վերջին շաբաթների հակամարտության ֆոնին տարածաշրջանում նավերի ազդանշանները հաճախ խափանվում կամ կեղծվում են, ինչը զգալիորեն դժվարացնում է դրանց ճշգրիտ տեղորոշումը։
ԱՄՆ Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) Rich Starry-ն ներառել է պատժամիջոցների ցուցակում՝ Իրանի հետ կապերի համար։ Elpis-ը նույնպես գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ներքո, մինչդեռ Christianna-ի նկատմամբ նման սահմանափակումներ չկան։





























