Իտալիան կասեցրել է Իսրայելի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագիրը, որը նախատեսում էր ռազմական տեխնիկայի փոխանակում և համատեղ տեխնոլոգիական հետազոտություններ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է վարչապետ Ջորջիա Մելոնին, փոխանցում է AFP-ն։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը որոշել է դադարեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգումը»,- Վերոնայում ընթացող միջոցառման ժամանակ նշել է Մելոնին։ Նրա խոսքերը մեջբերում են իտալական ANSA և AGI լրատվական գործակալությունները։
Իտալացի դիվանագիտական աղբյուրը AFP-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ հավելելով. «Քաղաքական տեսանկյունից չափազանց բարդ կլիներ պահպանել այդ համաձայնագրի գործողությունը»։
2006 թվականին Իսրայելի կողմից հաստատված համաձայնագիրը վերանայվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ։ Այն իր մեջ համագործակցություն է ներառում՝ պաշտպանական արդյունաբերության, կրթության, ռազմական անձնակազմի վերապատրաստման, գիտահետազոտական մշակումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Երկու երկրների հարաբերություններում լարվածությունը կտրուկ աճել էր դեռ նախորդ շաբաթ։ Պատճառն այն է, որ Իտալիայի կառավարությունը մեղադրել էր Իսրայելի զինված ուժերին Լիբանանում ՄԱԿ-ի իտալացի խաղաղապահների շարասյան ուղղությամբ նախազգուշական կրակոցներ արձակելու մեջ։
Խաղաղապաների մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներից հետո Իտալիան բողոքի նոտա էր հղել և իր մոտ էր կանչել Իսրայելի դեսպանին։ Պաշտոնական Երուսաղեմն էլ իր հերթին «բացատրությունների էր հրավիրել» Իտալիայի դեսպանին։ Պատճառը փոխվարչապետ և ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի կոշտ հայտարարությունն էր, որով վերջինս դատապարտել էր իսրայելական բանակի կողմից Լիբանանի խաղաղ բնակչության վրա հասցված «անընդունելի հարձակումները»։
Իտալիայի փոխվարչապետ Անտոնիո Տայանին երկուշաբթի օրը Բեյրութում հանդիպել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և արտգործնախարար Յուսեֆ Ռագիի հետ։ Այցից հետո նա X-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ժամանել է Բեյրութ և Իտալիայի զորակցությունն է հայտնել լիբանանցիներին։ Նա նաև խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ քաղաքացիական բնակչության թիրախավորումն անվանելով «անընդունելի հարձակում»։





























