Եվրոպայում քննարկվում է Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության վերականգնմանն ուղղված նոր կոալիցիայի ստեղծման հարցը։ Ծրագիրը նախատեսվում է իրագործել ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց Վաշինգտոնի ներգրավման։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Նախատեսվում է երեք հիմնական ուղղություն՝ լոգիստիկ երթուղիների վերականգնում, նեղուցի ականազերծում և առևտրային նավերի ռազմական ուղեկցում։

Հավանաբար, այս նախաձեռնությանը կմիանա նաև Գերմանիան, որը նախկինում վերապահումով էր մոտենում մերձավորարևելյան իրադարձություններին ռազմական մասնակցություն ունենալու գաղափարին։

Գլխավոր տարաձայնությունը մնում է ԱՄՆ-ի մասնակցության հարցը։ Ֆրանսիացի դիվանագետները կարծում են, որ Վաշինգտոնի ներկայությունը ծրագիրն անընդունելի կդարձնի Իրանի համար, մինչդեռ բրիտանացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ նրանց մեկուսացումը կառաջացնի Թրամփի զայրույթը և կհանգեցնի գործողության դադարեցմանը։