Financial Times-ը գրում է, որ ամերիկյան շրջափակման պատճառով նավթի արտահանման խաթարումը կարող է Թեհրանին կանգնեցնել արդյունահանման կրճատման փաստի առաջ։ Դա տեղի կունենա մոտ երկու շաբաթից, երբ պահեստարաններն ամբողջությամբ լցվեն։

Նավթային պաշարներին հետևող ֆրանսիական Kayrros կազմակերպության տվյալներով (որն օգտագործում է նաև արբանյակային լուսանկարներ), Իրանի ամբարներն այս պահին կիսով չափ են լցված (51%)։ Եթե օրական 1,8 միլիոն բարելի հասնող արտահանումը կանգնի, ապա 16 օր անց պաշարները կգերազանցեն համավարակի օրերին գրանցված ռեկորդային ցուցանիշը (92 միլիոն բարել)։

Իրանում օրական արդյունահանվող 3,6 միլիոն բարել նավթի կեսն ուղղվում է ներքին շուկայի կարիքներին։ Ժամանակ շահելու նպատակով Թեհրանը սկսել է գերհզոր տանկերներն օգտագործել որպես լողացող պահեստարաններ։ Վերջին օրերին Պարսից ծոց են մտել մի քանի նման նավեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է մինչև 2 միլիոն բարել նավթ ամբարել։