Հորմուզի նեղուցի շրջափակմամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամի ֆոնին Թուրքիան արագացնում է «Ստամբուլի ջրանցքի» կառուցումը։ Այս մասին հայտնում է Business Insider Africa-ն։

Նոր արհեստական ջրուղին անցնելու է Բոսֆորին զուգահեռ՝ միացնելով Սև և Մարմարա ծովերը։ Ինչպես նշվում է հոդվածում, ջրանցքը օրական կկարողանա սպասարկել շուրջ 160 նավ կամ տանկեր։

Express պարբերականի տվյալներով՝ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 23 միլիարդ եվրո, որից 13 միլիարդը կծախսվի բուն ջրանցքի, իսկ 10 միլիարդը՝ հարակից տարածքների ենթակառուցվածքների ստեղծման վրա։

«Այսօր մենք նոր էջ ենք բացում Թուրքիայի զարգացման պատմության մեջ։ Մենք «Ստամբուլի ջրանցքը» դիտարկում ենք որպես Ստամբուլի ապագան փրկող նախագիծ։ Այն պետք է ապահովի Բոսֆորի հարակից բնակիչների կյանքի և գույքի անվտանգությունը»,- 2021 թվականին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հիմնական ինտրիգը տուրքեր հավաքելու իրավունքն է։ ՄԱԿ-ի կանոններով՝ բնական նեղուցներից օգտվելն անվճար է։ Սակայն Սուեզի կամ Պանամայի ջրանցքների նման արհեստական ջրանցքների դեպքում՝ պետությունները օրինականորեն գումար են գանձում։ «Ստամբուլի ջրանցքը» թույլ կտա Թուրքիային եկամուտ ստանալ նավերի երթևեկությունից (Եգիպտոսի օրինակով)։

Համեմատության համար նշենք, որ Սուեզի ջրանցքի եկամուտները միայն 2026 թվականի հունվարի 1-ից փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում հասել են 449 միլիոն դոլարի։ Ինչպես հայտնում է Arab News-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ մինչև 2030 թվականը այդ եկամուտները կհասնեն 11,9 միլիարդ դոլարի։