Հակակոռուպցիոն դատարանում, այսօր՝ ապրիլի 15–ին, դատախազը միջնորդել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։

Կան անձինք, որոնց վրա Կարապետյանը կարող է ազդեցություն ունենալու, ասաց դատախազ Արգամ Դալլաքյանը։

Կարապետյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ դեռ երեկ միջնորդություն են ներկայացրել, որ փոխվի Սամվել Կարապետյանի խափանման միջոցը։Նա ընդգծել է, որ Կարապետյանը հիմա չի կարող մասնակցել ընտրացուցակի կազմմանը: Առաջիկայում համագումարն է կուսակցության, որը պետք է հաստատի ընտրացուցակի առաջին 30 անուններն ու հաջորդականությունը:

Ինքը Սամվել Կարապետյանը «աբսուրդային» է որակել մեղադրանքը՝ նշելով՝ «բայց դատախազին բացարկ չեմ հայտնում»:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ տասը ամիս տևած քննությունից հետո այսօր՝ ապրիլի 15–ին մեկնարկել է Սամվել Կարապետյանի դատավարությունը՝ մի քանի հոդվածներով՝ հանցավոր ծագում ունեցող միջոցների օրինականացումից մինչև իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր:

Առաջին նիստին ընդառաջ Կարապետյանների փաստաբանները միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի դատավորը առաջնահերթ քննի Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու հարցը:

Փաստաբան Արամ Վարդևանյանը նախօրեին հայտարարել էր. «Ապրիլի 21-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հրավիրել է համագումար և կարևոր է, որ մինչ այդ համագումարը Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ամբողջությամբ մասնակցելու քաղաքական գործընթացին։ Մրցակցության, հավասարության և ընտրական գործընթացի երաշխիքների տեսանկյունից՝ սա ակնհայտ անհրաժեշտություն է, հույս ունենք, որ դա կապահովվի, և ցավ ենք ապրում, որ այդ բեռը ընկել է դատական իշխանության ուսերին»։

Փաստաբանը հիշեցրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ընդունում է քաղաքական ուժերի հայտերը, կազմում է ցուցակները, և այդ գործընթացը կշարունակվի մինչև ապրիլի 23-ը։