Այս պահին օպերատիվ–հետախուզական լայնածավալ միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի դեպքի բոլոր հանգամանքները դուրս բերենք և հետևապես բոլոր վարկածներն են քննարկվում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլի 13–ին Մրգաշենում տեղի ունեցած սպանությանը։

«Քննչական կոմիտեն կարծում եմ՝ վարկածի մասով պատեհ պահին հանդես կգա հայտարարությամբ, բայց ուզում եմ փաստել, որ ՆԳՆ–ի կողմից ձեռնարկվել են բոլոր միջոցառումները անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Երկու անձինք հայտնաբերված են, ձերբակալված և ներկայացված քննչական մարմնին»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ամեն օր լրահոսում սպանությունների լուրերի ենք հանդիպում, արդյոք մտահոգիչ չէ ստեղծված իրավիճակը և արդյոք համակարգը չի թերանում այս առումով, ՆԳ նախարարն ասաց. «Լրահոսը և իրականությունը շատ հաճախ չեն հատվում իրար հետ, որովհետև եթե նույն սպանությունների մասին ենք խոսում, պիտի նկատենք, որ առաջին եռամսյակում մենք սպանությունների թվի նվազում ունենք։ Եթե անցած տարվա կտրվածքով, իրական սպանությունները 13-ն են եղել առաջին եռամսյակում, ապա այս պահի դրությամբ ունենք 8 սպանության դեպք, որոնք գրանցվել են։ Այսինքն էական նվազում ունենք այս առումով։

Շատ հաճախ լրահոսում նման տեղեկատվություններն ավելի շատ հիբրիդային  սպառնալիքների կամ չափազանցության տրամաբանության մեջ են տարածվում, որովհետև նույն դեպքը մենք նկատում ենք, որ ամբողջ շաբաթ կարող է քննարկվել տարբեր ռակուրսներից, կամ տարբեր կայքերով կարող են տարածվել այնպիսի տեղեկություններ, որ օրինակ հունվարին Հայաստանում 200-ից ավելի սպանություն կա և այսպես շարունակ։

Ես կարծում եմ, որ մենք միշտ ներկայացրել ենք պրոֆեսիոնալ տեղեկատվություն հանրությանը, միշտ եղել ենք բաց և որևէ ձևով որևէ նպատակ չենք հետապնդում խեղաթյուրելու իրականությունը։ Նույն տրամաբանությամբ մենք 2025 թվականին նշել ենք որ կա 50 իրական սպանության դեպք, 2024 ին եղել է 45։ Այս տարվա եռամսյակային կտրվածքով ունենք սպանությունների թվի նվազում։ Իհարկե պիտի հետևողականորեն հասկանանք ռազմավարական այն բոլոր միջոցառումները, որոնք ամբողջ հանրապետությունում պիտի ձեռնարկենք ոչ միայն իրավապահ համակարգի տեսանկյունից այլ նաև մյուս գերատեսչությունների, առաջիկայում արդեն կվերջնականացնենք հանցավորության կանխարգելման ռազմավարությունը և դուք կտեսնեք թե ինչպիսի համալիր միջոցառումներ կան նախատեսված»։

Նա անդրադարձավ նաև մեղադրանքներին, որ վարչապետ Նիկոլ Փաինյանի մարզային այցերի ժամանակ ոստիկանության մի ամբողջ գվարդիա է ուղեկցում, ինչը վարչական ռեսուրսի չարաշահում է. «Չի կարող նման բան լինել, որովհետև ոստիկանությունը կատարում է օրենքով իր առջև դրված խնդիրները և պարտավոր է կատարել այդ խնդիրները»,–ասաց Արփինե Սարգսյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մրգաշենում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։ Եղբայրները ապրիլի 13-ին Արթուր Ավագյանին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան:

Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:

Նշենք, որ Արթուր Ավագյանը գյուղի ատամնաբյուժն էր, ուներ երեք անչափահաս երեխա։