ԱՄՆ-ն երկու նավային խմբերի կազմով ավելի քան 10 հազար զինվորական է ուղարկում Մերձավոր Արևելք։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին։

Ըստ աղբյուրների՝ ուժերի այս համալրումն իրականացվում է այն ժամանակ, երբ ԱՄՆ վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա՝ հակամարտությանը վերջ դնող համաձայնության հասնելու համար։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը դիտարկում է նոր հարվածների կամ ցամաքային գործողությունների տարբերակը։

Այս պահին վեց հազար զինվորական է գտնվում USS George H.W. Bush ավիակրի և ուղեկցող նավերի վրա։ Ապրիլի 14-ի տվյալներով՝ այս խումբը շրջանցում է Աֆրիկայի հարավը՝ ուղևորվելով դեպի Հնդկական օվկիանոս։ Տեղ հասնելուն պես ամերիկյան հրամանատարությունը տարածաշրջանում միաժամանակ երեք ավիակիր կունենա (մյուս երկուսը՝ USS Abraham Lincoln-ը և USS Gerald R. Ford-ը)։

Եվս 4200 զինվորական է գտնվում դեսանտային խմբի նավերի վրա, որոնց կազմում է նաև USS Boxer ավիակիր նավը։ Խումբը նախորդ շաբաթ դուրս է եկել Հավայան կղզիներից և Մերձավոր Արևելք կհասնի մոտ երկու շաբաթից։

Washington Post-ի երկու պաշտոնյաներ ասել են, որ ԱՄՆ զինվորականները նոր քայլեր են ձեռնարկում Իրանի դեմ։ Բացի ծովային շրջափակումից, նրանք ծրագրում են նաև ցամաքային հարձակումներ։ Դիտարկվում են այնպիսի սցենարներ, ինչպիսիք են հատուկ ստորաբաժանումների կողմից միջուկային պաշարների զավթումը կամ ափամերձ շրջանների օկուպացիան։ Նրանք հավանաբար կարող են գրավել նաև Իրանի համար այդքան կարևոր Խարգ կղզին։

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ն արդեն 50 հազար զինվոր է ներգրավել Իրանի դեմ պատերազմում։ Իրանական նավահանգիստների շրջափակումն ապահովում են ԱՄՆ ռազմածովային ուժերի ավելի քան տասը նավեր։ Դրանք գտնվում են Օմանի ծոցում և Արաբական ծովում։