Բարաք Օբաման երգել է լեգենդար երգիչներ Բի Բի Քինգի եւ Միք Ջագերի հետ` Սպիտակ տանը կայացած բլյուզմենների երեկույթին:
Կենդանի լեգենդները հավաքվել էին Սպիտակ տանը` մասնակցելու սեւամորթ բնակչության պատմության ամսվա շրջանակներում կայացած միջոցառմանը: «Բլյուզը մեզ հիշեցնում է, որ ամենածանր ժամանակներն արդեն ետեւում են»,- ասել է Օբաման համերգից առաջ:

Բի Բի Քինգի հետ զուգերգում նախագահը մի քանի տող է երգել Sweet home Chicago երգից:

Թեեւ 86-ամյա երաժիշտը Սպիտակ տուն էր եկել հաշմանդամի սայլակին, բառացիորեն «պայթեցրել» է երեկոն Let the Good Times Roll երգով, որի համար նույնիսկ ոտքի է կանգնել:

Grammy-ի դափնեկիր Քեբ Մոն երեկույթի նախապատրաստման ժամանակ կատակել էր, թե Օբաման ինքն էլ կարող է երգել:

Բարաք եւ Միշել Օբամաները Սպիտակ տանը երաժշտական երեկույթներ կազմակերպում են 2009թ. սկզբից: Նրանց հրավերով Սպիտակ տանը եղել են Սթիվի Ուոնդերն ու Փոլ ՄքՔարթնին, գրում է «ՌԻԱ Նովոստին»: