Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-ն կանչել է Իրաքի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Օմար Աբդուլմաջիդ Համիդ Ալ Օբաիդիին և նրան բողոքի նոտա է հանձնել Իրաքի տարածքից իրականացված հարձակումների կապակցությամբ, հաղորդում է Khaleej Times-ը։

«Արաբական Միացյալ Էմիրություններն ամենախիստ կերպով դատապարտում է Իրաքի տարածքից Իրանի հետ կապված զինված խմբավորումների իրականացրած սարսափելի հարձակումները։

Այդ հարձակումները տեղի են ունեցել ի հեճուկս ամերիկա-իսրայելական-իրանական պատերազմում հայտարարված հրադադարի։ Այդ հարձակումները թիրախավորել են Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներում գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ, ինչը նրանց ինքնիշխանության և օդային տարածքի կոպիտ խախտում է և միջազգային իրավունքի ակնհայտ ոտնահարում»,- հավելել է նախարարությունը։