Մենք, այո՛, շատ ոլորտներում պայքարում ենք մաֆիայի դեմ, ու այդ մաֆիան մետաստազներ ունի բոլոր տեղերում։ Այս մասին ապրիլի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցը։
Նրա խոսքով, այս մետաստազները տարածված են Ազգային ժողովում, կառավարությունում, դատախազության համակարգում, դատարաններում, քննչական մարմիններում և այլն։ «Մենք պետք է արդեն վիրահատական ճանապարհով գնանք, քիմիաթերապիան այլևս էֆեկտ չի տալիս», - ասել է Փաշինյանը։
Քիչ անց Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը։ «Հերիք է, ժողովրդի ներվերն ինչքա՞ն կարելի է քայքայել», - հայտարարել է վարչապետը, ելույթ ունենալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների առջև։
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվության քննարկումը:
«Էլ տեղ չկա, այսօր Հայաստանում խայտակառություն է արդարադատության համակարգում», - հավելել է Կառավարության ղեկավարը՝ իր առաջնորդած «թավշյա հեղափոխության» 8-ամյակի նախաշեմին։




























