ԱՄՆ-ն և «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչները հրադադարի համաձայնագրից հետո առաջին անգամ ուղիղ բանակցություններ են անցկացրել Կահիրեում, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հանդիպումն անցկացվել է ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված փխրուն զինադադարի հետագա քայլերն առաջ մղելու փորձերի շրջանակում։
Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է խորհրդական Արյե Լայթսթոունը, բանակցություններին մասնակցել է նաև «Գազայի խաղաղության խորհրդի» ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը։ Կողմերը քննարկել են համաձայնագրի առաջին փուլի պարտավորությունների կատարումն ու երկրորդ փուլին անցումը։
Ըստ աղբյուրների՝ «ՀԱՄԱՍ»-ը պնդում է, որ Իսրայելը պետք է ամբողջությամբ կատարի առաջին փուլով ստանձնած պարտավորությունները՝ ներառյալ հարվածների դադարեցումն ու հումանիտար օգնության ծավալների ընդլայնումը, և միայն դրանից հետո անցնի զինաթափման ու մնացած հարցերի քննարկմանը։
«ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ առաջարկված ծրագիրը «անհավասարակշիռ» է և առաջնահերթությունը տալիս է Իսրայելի անվտանգությանը՝ հետին պլան մղելով պաղեստինցիների հումանիտար և քաղաքական խնդիրները։ Նաև նշվում է, որ Մլադենովը փոխանցել է «ՀԱՄԱՍ»-ը զինաթափելու վերաբերյալ Իսրայելի պահանջը և զգուշացրել, որ մերժման դեպքում պատերազմը կարող է վերսկսվել։





























