Մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը մեծ հնարավորություններ է բացում Մեղրիի առջև։ Այս մասին ապրիլի 16-ին Մեղրիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ԱՀՀՀ) գործադիր տնօրեն Անատոլի Իկսանովը։
«Սա շատ նշանակալի իրադարձություն է»,- նշել է Իկսանովը՝ հիշեցնելով, որ Մեղրին դարձել է ԱՊՀ 22-րդ մշակութային մայրաքաղաքը և այս կարգավիճակը ստացած հայկական 3-րդ քաղաքը (Գյումրիից ու Գորիսից հետո)։
Նրա խոսքով՝ ծրագիրը Մեղրիին հնարավորություն է տալիս ծանոթանալ Համագործակցության ողջ մշակութային ներկապնակին, ինչպես նաև հանդիպումներ ունենալ արտիստների, կոմպոզիտորների և գրողների հետ։
«Այս ամենը նպատակ ունի ԱՊՀ տարածքում հանրահռչակել Հայաստանի յուրօրինակ մշակույթը»,- ընդգծել է Անատոլի Իկսանովը։
Ծրագրի շրջանակում Մեղրիի բնակիչներին և հյուրերին սպասվում են արհեստների միջազգային փառատոն (մայիսին), երգի միջազգային փառատոն (օգոստոսին), ԱՊՀ կինոփառատոն, ինչպես նաև առաջին անգամ կանցկացվի տարազի միջազգային փառատոն։
«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք-2026» ծրագիրը կեզրափակվի նոյեմբերին՝ ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի ելույթով։
Անատոլի Իկսանովը նաև հայտնել է, որ այս այցի շրջանակում Մեղրի համայնքի գրադարաններին կփոխանցվի գրքերի 4 հավաքածու։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Մեղրին պաշտոնապես ստանձնում է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը։



























