Մեղրին ԱՊՀ մշակութային խաչմերուկ է։ Այս մասին ապրիլի 16-ին Մեղրիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության նախագահ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Փոխնախարարն ընդգծել է երկրի կարևորագույն վայրերից մեկում այս ծրագրի անցկացման խորհրդանշական բնույթը։ Դանիելյանը նշել է, որ կառավարության նախաձեռնությամբ Սյունիքը դառնում է «Խաղաղության խաչմերուկ», իսկ Մեղրին՝ մշակույթների խաչմերուկ։

«Բոլորը մեծ ուրախությամբ են բացահայտում Մեղրին։ Առջևում բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ կան», - հավելել է փոխնախարարը։

Այսօր երեկոյան Մեղրիում տեղի կունենա մշակութային մայրաքաղաքի կարգավիճակի շնորհման հանդիսավոր արարողությունը։ Այդ առիթով ժամանած ԱՊՀ երկրների պատվիրակությունների համար ճանաչողական շրջայց է կազմակերպվել քաղաքի տեսարժան վայրերով։ Հյուրերն այցելել են 17-րդ դարի ինքնատիպ Սուրբ Հովհաննես (Սուրբ Սարգիս) եկեղեցի, տեսել տեղի ջրանցույցը, ինչպես նաև եղել Մեղրիի հնագույն տներից մեկում, որն այսօր վերածվել է ազգային ավանդույթներով կահավորված փոքրիկ հյուրանոցի։

e0da4e55-ecc0-4980-9252-0c06993fb63e.jpg (56 KB)

3ba36bde-2024-46cd-9aa4-b56d118395a0.jpg (75 KB)

3426890f-1942-4f1d-b1d4-8195c584bfd5.jpg (59 KB)