Այսօր՝ ապրիլի 16-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Փամբակ գյուղի տարածքում գործող գազալցակայանի մոտակայքում ջրատարի վթարի հետևանքով ավազահողային զանգվածը ջրի արտահոսքի և լվացման պատճառով սահել է դեպի երկաթգիծ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրա հետևանքով երկաթգծի մոտ 100 գծամետր հատվածը և մոտ 100 խորանարդ մետր հողազանգված լցվել է երկաթգծի կողային հատվածներում, ինչի պատճառով էլ երկաթգծով գնացքների տեղաշարժը դարձել է անհնար, հաղորդում է Shamshyan.com–ը։

Օպերատիվորեն ժամանել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները։

Այս պահին ջրի արտահոսքը ժամանակավորապես դադարեցվել է և իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։