Լոս Անջելես քաղաքը պարտավոր է 11,8 միլիոն դոլար վճարել մի տղամարդու, ով կուրացել էր 2020 թվականի «Դոջերս» բեյսբոլի ակումբի հաղթանակի տոնակատարության ժամանակ ոստիկանների կողմից արձակած արկից։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Երդվյալ ատենակալների դաշնային դատարանը փոխհատուցման որոշումը կայացրել է հինգշաբթի օրը՝ 27-ամյա Իսահակ Կաստելյանոսի գործով դատական քննությունից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Լոս Անջելեսի կենտրոնում ընթացող խաղաղ տոնակատարության ժամանակ։
Միջադեպի հետևանքով Կաստելյանոսը վերջնականապես զրկվել է մեկ աչքի տեսողությունից։ 2022 թվականին նա դաշնային հայց էր ներկայացրել՝ մեղադրելով ոստիկանությանը ուժի համաչափության կանոնները խախտելու մեջ։ Ըստ հայցադիմումի՝ Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակիցներն առանց նախազգուշացման մոտեցել են ամբոխին և սկսել կրակել այսպես կոչված «պակաս մահաբեր» զինամթերքով։
«Պակաս մահաբեր» զինամթերքի շարքին կարող են դասվել ռետինե փամփուշտները և պլաստիկ պարկերը:
Դատավարության ավարտից հետո երդվյալ ատենակալները խորհրդակցել են երկու ժամից էլ քիչ ժամանակահատվածում, որից հետո կայացրել են վճիռը:
Միջադեպի ժամանակ՝ Կաստելյանոսը Լոնգ Բիչի Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ավարտական կուրսի ուսանող է եղել:
Ամբոխը զսպելու նպատակով կիրառված «պակաս մահաբեր» զինամթերքի պատճառով՝ Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնվել է մի քանի դատական հայցերի թիրախում։





























