Հինգերորդ խնդիրը, որ կենսական նշանակություն ունի մեզ համար, այն է, որ մենք պետք է առողջացնենք մեր պետական, քաղաքական և տնտեսական համակարգը։ Այս մասին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարում հայտարարել է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ անհրաժեշտ է վերջ դնել «ինստիտուցիոնալ անձնիշխանությանը», որը ներկայումս ամրագրված է հանրապետության գործող Սահմանադրությամբ և «որից օգտվում է մի մարդ, ով այսօր կառավարում է Հայաստանը և, խախտելով օրենքներն ու Սահմանադրությունը, փորձում է հաստատել իր անձնիշխանությունը»։
«Մենք պետք է սահմանադրական լուրջ ռեֆորմ կատարենք, որը զսպումների և հակակշիռների այդ մեխանիզմները հետ կբերի․ այսինքն անցում կատարենք նախագահական խորհրդարանական համակարագի։
Բայց նաև մենք պետք է մշակենք արդար մրցակցության կանոնները մեր տնտեսության մեջ, նաև պետք է մշակենք մրցակցության արդար կանոնները քաղաքական դաշտում։ Այս ամենը մենք պետք է անենք, որ եթե մենք ուզում ենք Հայաստանը լուրջ երկիր տեսնենք, բարգավաճող, մեր ժողովրդի բոլոր ցանկություններին և նպատակներին ծառայող», - ընդգծել է քաղաքական գործիչը։
Զուրաբյանն իր կուսակցության ծրագրի վեցերորդ առանցքային կետը համարել է տեխնոլոգիական հեղափոխությունը։
«Որովհետև մենք ապրում ենք մի աշխարհում, որում տեխնոլոգիաներն ամեն վայրկյան զարգանում են ու փոխվում են։ Եվ այն երկիրը, որը չի կարողանում ադապտացվել այդ տեմպին, չի կարողանում իր գիտությունը, կրթությունը, բանակը և ամբողջ պետության գործարկումը համապատասխանեցնել էդ տեխնոլոգիական թռիչքին՝ այդ երկիրը դատապարտված է», – ընդգծել է Զուրաբյանը։











