Հարավային Օսիայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է մարտի 25-ին կայանալիք կրկնակի նախագահական ընտրությունների առաջին թեկնածուին: Նա հանրապետության պետանվտանգության կոմիտեի նախկին նախագահ Լեոնիդ Տիբիլովն է:
Ավելի վաղ ԿԸՀ-ն 19 հայտ էր ընդունել, սակայն հավակնորդների հիմնական մասն արդեն դուրս է մնացել: Մի քանիսը հանել են իրենց թեկնածությունը, մեկ թեկնածուի թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին ստորագրահավաքի թերթիկներում առկա խախտումների պատճառով, մի քանի թեկնածու էլ չի կարողացել հանձնել օսերենի եւ ռուսերենի քննությունը:
Փետրվարի 21-ի տվյալներով, նախընտրական արշավից դուրս է մնացել արդեն 14 թեկնածու:
Հավակնորդների պաշտոնական ցանկը կհրապարակվի փետրվարի 29-ին, հաղորդում է «Ռես» գործակալությունը:




























