Վստահ եղեք, որ մարզկենտրոնների և շրջանների նկատմամբ ուշադրությունը շատ մեծ է լինելու։ Այս մասին ապրիլի 18-ին Վանաձորում՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարել է դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նախկին նախագահի կարծիքով՝ «քաղաք-պետություն» մոդելը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։
«Մենք այնպիսի տարածաշրջանում չենք գտնվում, որ կարողանանք դրա վրա ուշադրություն չդարձնել, և սա երկրի անվտանգության բաղադրիչներից մեկը պետք է լինի։ Ամբողջ բնակչությունը չպետք է կենտրոնանա միայն Երևանում։ Երևանում այսօր բնակչության ավելի քան մեկ երրորդն է ապրում, և եթե այս տենդենցը շարունակվի, 5-10 տարի հետո ուղիղ կեսը հայտնվելու է Երևանում», - ասել է Քոչարյանը։
Պետության նախկին ղեկավարը կարծում է, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն նոր աշխատատեղերի ստեղծմամբ։ Հավելելով, որ մարդկանց կյանքը պետք է լինի հետաքրքիր և լիարժեք։











