«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հունիսի 7–ին կայանալիք համապետական ընտրություններում վարչապետի թեկնածու չի առաջադրել, սակայն առաջարկում է երկրի նախագահի պաշտոնում դիտարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը։ Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի խոսքով, քանի որ ընդդիմությունը չի կարողանում միավորվել վարչապետի թեկնածուի շուրջը, Միքայել Սրբազանի թեկնածությունը նախագահի պաշտոնի համար, կարող է դառնալ այն կետը, որի շուրջ հնարավոր կլինի հասնել ընդդիմության համախմբմանը։ Այս մասին նա հայտարարեց այսօր կուսակցության համագումարում։

«ՔՊ-ն ներկայացրել է ծրագիր, որտեղ կա դրույթ՝ Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդին հեռացնելու վերաբերյալ.  Եվ եթե ստանան մանդատ, ասելու են՝ ժողովուրդը մեզ լիազորել է մտնել Հայ Առաքելական Եկեղեցու դաշտ և հեռացնել Կաթողիկոսին։ Մենք արդեն հայտարարել ենք, որ ընդդիմության միավորման գործընթացում տեսնում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել հոգևոր դասի ներկայացուցիչ, քանի որ Հանրապետության նախագահի պաշտոնը Հայաստանում այս պահին գործադիր պաշտոն չէ, գործադիր լծակներ չունի։ Այն կառուցված է հեղինակության վրա և ունի ներկայացուցչական լիազորություններ։ Մեզ պետք է հեղինակություն վայելող նախագահ, որը ուժ կտա ինստիտուտին ստեղծված ծանր իրավիճակներում, և ինստիտուտին ուժ տալով՝ կհակակշռի, կփոխզսպի ու երկրում կդադարեցնի այս քաոսը, այս գզվռտոցը, այս աննորմալությունները:

Առաջարկում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգևոր դասի ներկայացուցիչ, մեր արքեպիսկոպոսներից մեկը՝ Միքայել Աջապահյանը։ Նրա թեկնածությունն առաջադրվել էր դեռևս իմպիչմենտի գործընթացի ժամանակ, երբ ընդդիմադիր դաշտը համախմբվել էր»,-ասաց Մարուքյանը։