Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն, այսօր` փետրվարի 22-ին, հրաժարվել է վերջին խոսքի իրավունքից` դա թողնելով պաշտպաններին:

Հոսնի Մուբարաքին, նրա որդիներին, Եգիպտոսի ՆԳ նախկին նախարարին ու վեց բարձրաստիճան ոստիկանների մեղադրում են 2011թ. հունվարյան ապստամբության ժամանակ խաղաղ ցույցերի մասնակիցներին գնդակահարելու մեջ:

Մուբարաքի պաշտպան Ֆարիդ ադ-Դիբը պաշտպանական ճառ է արտասանել` այն ավարտելով Մուբարաքի ուղերձով. «Հայրենիքն իմ, որ ընդվզել է իմ դեմ, հզոր է, ժողովուրդն իմ, որ ժլատ էր իմ հանդեպ, առատաձեռն է»:

Դատախազությունը խախտելով դատավարության ընթացակարգը, պահանջել է նախկին նախագահին տեղափոխել Թորա բանտի հիվանդանոց, որը անհրաժեշտ կերպով սարքավորված է: Դատավոր Ահմեդ Ռիֆաաթը մերժել է դատախազության միջնորդությունը:

Այսօր դատարանը պետք է նշանակի ամբաստանյալների դատավճռի օրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Դատախազությունը մահապատիժ է պահանջել Մուբարաքի համար:

Նախօրեին Եգիպտոս են ժամանել հինգ քուվեյթցի փաստաբաններ, որոնք պաշտպանում են նախկին նախագահին: