Իրանի հակաօդային պաշտպանության Միավորված շտաբի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Էլամին հայտնել է, որ Իրանի Զինված ուժերը ամերիկա-իսրայելական 40-օրյա պատերազմի ընթացքում խփել են թշնամու 170 ժամանակակից անօդաչուներ, տեղեկացրել է Tasnim-ը։
Բրիգադի գեներալ Ալիռեզա Էլամին, հեռուստատեսությամբ ելույթ ունենալով, նշել է, որ Իրանի ՀՕՊ ինտեգրված ցանցը կարեւոր դեր է խաղացել ԱՄՆ եւ Իսրայելի օդային ագրեսիային հակազդելու գործում 40-օրյա պատերազմի ընթացքում։
Էլամին ընդգծել է, որ ոչնչացված անօդաչու թռչող սարքերը պարզ համակարգեր չէին, այլ առաջադեմ պլատֆորմներ, որոնք հագեցած էին ինքնապաշտպանության համակարգերով, ռազմական հնարավորություններով եւ բարդ հետախուզական տեխնոլոգիաներով։
Նա նշել է, որ Իրանի խոցած անօդաչու թռչող սարքերի թվում էին այնպիսի առաջավոր տեխնոլոգիաներ, ինչպիսին են Hermes 900-ը, MQ-9-ը եւ Heron-ը։ Հրամանատարը նաեւ ընդգծել է վերջին օրերի ամենակարեւոր նվաճումներից մեկը՝ նշելով, որ պատերազմի վերջին օրերին եւ հրադադարից առաջ Իրանի ՀՕՊ ուժերը խոցել են ամերիկյան բարձրակարգ MQ-4 Type-C հետախուզական անօդաչու թռչող սարք, որը թռչում էր մեծ բարձրության վրա Պարսից ծոցի վրայով։
Նա ավելացրել է, որ Միացյալ Նահանգները հետագայում ստիպված է եղել ընդունել հարվածի փաստը եւ Իրանի օդային պաշտպանության կարողությունների արդյունավետությունը։ Բրիգադի գեներալ Էլամին նաեւ ընդգծել է, որ Իրանի օդային պաշտպանության նվաճումները չեն սահմանափակվում միայն անօդաչու թռչող սարքերով՝ նշելով, որ խոցվել են նաեւ թշնամու մեծ թվով ժամանակակից կործանիչներ, այդ թվում՝ F-35, F-15, F-16, F-18 եւ A-10։
Նա ավելացրել է, որ այս ռեկորդն արտացոլում է Իրանի օդային պաշտպանության ուժերի հզորությունը, պատրաստվածությունը եւ դինամիզմը երկրի օդային տարածքի անվտանգության ապահովման գործում։




























