Շաբաթ օրը ԱՄՆ ընդարձակ տարածքում տեղի ունեցած տորնադոների պատճառով ավերվել են տներ եւ շինություններ․ պոկվել են տանիքներ, արմատախիլ են արվել ծառեր, աղբով լցվել են գյուղական ճանապարհները, տեղեկացրել է Associated Press-ը։
Մահվան ելքերի մասին տեղեկություններ ուրբաթ օրվա փոթորիկներից հետո, որոնք անցել են Վերին Միջին Արեւմուտքով եւ հանգեցրել դաժան եղանակային պայմանների հերթական ալիքին տարածաշրջանում, չեն ստացվել։ Պաշտոնատար անձինք բնակիչներին նախազգուշացրել են երկարատեւ վերականգնման մասին որոշ գյուղական համայնքներում։
Վիսքոնսինի եւ Մինեսոթայի նահանգների պաշտոնյաները տեղեկացրել են համանման պատկերի մասին։ Կենտրոնական Վիսքոնսինում տորնադոն, որն անցել է Քրոնենվեթեր եւ Ռինգլ քաղաքներով, իրենից հետո թողել է վնասված տներ, իսկ որոշ բնակիչներ կարճ ժամանակով փակված են մնացել իրենց նկուղներում, լրագրողներին հայտնել է Ռինգլի հրշեջ պահպանության պետ Քրիս Քիլմանը։
Մարաթոն օկրուգի շերիֆ Չեդ Բիլեբը պատմել է, որ իրավապահ մարմիններում աշխատանքի 34 տարիների ընթացքում նման ավերածություններ չի տեսել։
Մինեսոթայի նահանգի Օլմսթեդ օկրուգում շերիֆի ներկայացուցիչները հայտնել են, որ տորնադոները «մեծ վնաս» են պատճառել։
Մարիոն քաղաքում վնասվել է առնվազն 30 տուն, ընդ որում՝ դրանց մի մասը այնպիսի վնասվածքներ է ստացել, որոնք բնութագրվել են որպես զգալի։ Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ վնասը, հավանաբար, հասցրել է տորնադոն, եւ որ հանգստյան օրերին կիրականացվեն տուժած շրջանների զննումներ։





























