«Սիրահարվեք, դա օգնում է»,- նման առաջարկով հաղորդավար Ավետ Բարսեղյանը դիմեց «Հայ սուպերսթար» մրցույթի մասնակիցներին` հանդիսատեսի քվեարկության արդյունքների ամփոփման երկրորդ արարողության ժամանակ: Ժյուրիի անդամը կարծում է, որ սիրային հարցերում փորձի պակասը խանգարել է շատ մասնակիցների արժանապատվորեն հանդես գալ մի համերգում, որի թեման սերն էր:
Ընդհանուր առմամբ, «Հայ սուպերսթար» երաժշտական նախագծի երկրորդ գալա-համերգի արդյունքներով հայտնի դարձան թե’ ակնհայտ առաջատարները, թե’ հետնապահները: Ձեւավորված ավանդույթի համաձայն, արդյունքների հրապարակման արարողությունը մեկնարկում է փոքրիկ հոլովակների ցուցադրմամբ, որտեղ կոմպետենտ ժյուրին իր կանխատեսումներն է անում դուրս մնալու ենթակա թեկնածուների վերաբերյալ:
Այսպես, այս անգամ ժյուրին ամենաթույլը ճանաչեց Վարդինե Ավագյանի ելույթը: Ժյուրիի անդամները նշեցին նաեւ, որ համերգից հետո, տեսագրությունը դիտելիս կարծիքը հաճախ արմատապես փոխվում է: Այդկերպ, եւս երկու մասնակիցների` Էլիզաբեթ Ադիկյանի եւ Լիլիթ Խաչատրյանի ելույթները հայտնվեցին «անբավարար» ստացածների ցանկում:
Բայց ինչպես հայտնի է, մրցույթում ամեն ինչ որոշում է հանդիսատեսը: Իսկ հանդիատեսը եզակի համերաշխություն ցուցաբերեց ժյուրիի անդամների հետ` ամենաքիչ ձայները տալով Վարդինեի եւ Լիլիթի օգտին: Սակայն, մրցույթը լքելու երրորդ թեկնածու ճանաչվեց ոչ թե Էլիզաբեթը, այլ Վրաստանից ժամանած մասնակից Անահիտ Հարությունյանը:
Հայտնվելով «վտանգավոր գոտում»` մասնակիցները բավական նյարդայնանում էին, իսկ Անահիտը, թվում էր, բոլորովին չէր հավատում կատարվող դեպքերի իսկությանը: Եւ ճիշտ էլ անում էր. երբ նրանց բեմի վրա մի լավ տանջեց սրամիտ եւ «դաժան» հաղորդավար Արամ MP3-ը, Անահիտին բարեհաջող կերպով թույլ տվեցին մնալ նախագծում: Նա ուրախությունից գրկել էր նախագիծը լքող Լիլիթին եւ երկար ժամանակ բաց չէր թողնում, ամբողջովին մոռանալով Վարդինեին, ով նույնպես պետք է լքել նախագիծը:
Վերջինս որպես հրաժեշտի երգ կատարեց «Կամուրջները»: Թեեւ ժյուրիի անդամներն ու դահլիճն աջակցում էին նրան, դեռատի երգչուհին չկարողացավ զսպել հուզմունքն ու երգեց ավելի վատ, քան գալա-համերգին: Դե ինչ, «հաղթում է ամենաուժեղը, նա, ով կարողանում է դիմանալ քննադատությանն ու համերգից համերգ աճող լարվածությանը», նկատեց երգիչ Անդրեն: Վարդինեն եւ Լիլիթն ուժեղագույնը չէին եւ հեռացան «Հայ սուպերսթարի» բեմից ու հետագա պայքարից:
Ուշագրավ կլինի իմանալ, թե ինչպես են լարվածությանը դիմագրավելու մրցույթի մյուս մասնակիցները, առավել եւս որ մի քանիսի, այդ թվում` առավել պայծառ մասնակիցներից Ջուլիետա Սարգսյանի մոտ, լարվածությանը գումարվել են նաեւ առողջական խնդիրները: Ջուլիետան համերգից մեկ օր առաջ նույնիսկ հրաժարվեց պատասխանել հաղորդավարի հարցերին` պահպանելով մրսածությունից խռպոտած ձայնը:
Լիլիթ Խաչատրյան
Վարդինե Ավագյան




























