ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը հանկարծակի սրվել է. հրադադարի ժամանակ Հորմուզի նեղուցի ժամանակավոր բացման մասին երկու կողմերի հայտարարություններից հետո․ Իրանը կրկին փակել է այն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի բազմաթիվ խախտումները և Վաշինգտոնին մեղադրելով «ծովահենության» մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը արտահերթ հանդիպում է հրավիրել։

NEWS.am-ը ներկայացնում է լույս կիրակի գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած առանցքային իրադարձությունների հակիրճ տեսությունը։

• Նյու Դելիում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը կանչվել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն՝ նախարարի հետ հանդիպման։ Ըստ հաղորդագրության, հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը Հնդկաստանի խորը մտահոգությունն է հայտնել Հորմուզի նեղուցում հնդկական դրոշով երկու նավերի գնդակոծման կապակցությամբ։

• Իրանը, որը շաբաթ օրը կրկին սահմանափակումներ է մտցրել Հորմուզի նեղուցն անցնելու համար, հայտարարել է, որ առաջնահերթություն կտա անցման համար վճարող նավերին։ Ընդ որում, վճարում չկատարած նավերի անցումը «կհետաձգվի»։

• Իսրայելական հրետանին, չնայած հրադադարին, գնդակոծում է Լիբանանի հարավի կենտրոնական հատվածը։ Լիբանանի իշխանությունների՝ մինչև զինադադարի կնքումն իրականացրած նախնական գնահատականը ցույց է տվել, որ իսրայելական հարձակումների հետևանքով ավերվել կամ վնասվել է մոտ 40 000 տուն։

Բեյրութի հարավային արվարձաններն ամենաշատ տուժած շրջանների թվում են, որոնց հաջորդում են Լիբանանի հարավի բոլոր շրջանները։

• Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը շաբաթ օրն իր ելույթում հայտարարել է, որ անձամբ է զգուշացրել ԱՄՆ պատվիրակությանը Իսլամաբադում՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումից խուսափելու համար։

«Ամերիկյան պատվիրակությանն ասացի, որ եթե նրանց ականորս նավը նույնիսկ մի փոքր շարժվի իր դիրքից, մենք անպայման կրակ կբացենք դրա ուղղությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ պատվիրակությունը 15 րոպե է խնդրել հետադարձի հրամանը փոխանցելու համար։

• Հորմուզի նեղուցում պայմաններն այլևս երբեք չեն վերադառնա նախապատերազմյան վիճակին, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Բորուջերդին։ Հորմուզի նեղուցով անցնելու համար վճարը ռիալով գանձելը դիտարկվում է որպես գերակա դիրքորոշում՝ ազգային արժույթն ամրապնդելու նպատակով, և Կենտրոնական բանկը պետք է հաստատի թվային ռիալն ու այն դնի դրամական շրջանառության մեջ։