Սանայում հութիների կառավարության արտաքին գործերի փոխնախարարը զգուշացրել է, որ եմենցի հութիները կարող են փակել Եմենի ափերի մոտ գտնվող Բաբ էլ Մանդեբի նեղուցը, եթե Թրամփը շարունակի խոչընդոտել խաղաղության հաստատմանը։
«Եթե Սանան որոշի փակել Բաբ էլ Մանդեբը, ապա ողջ մարդկությունն ու ջիները լիովին անզոր կլինեն այն բացելու հարցում,- X սոցիալական ցանցում արած իր հայտարարության մեջ գրել է Հուսեյն ալ Էզին:- Ուստի Թրամփի և այս ամենում ներգրավված ողջ աշխարհի համար ավելի լավ կլինի անհապաղ դադարեցնել խաղաղությանը խոչընդոտող բոլոր գործողություններն ու քաղաքականությունը և դրսևորել անհրաժեշտ հարգանք մեր ժողովրդի ու ազգի իրավունքների նկատմամբ»։
Ըստ Al Jazeera-ի, Բաբ էլ Մանդեբը միացնում է Կարմիր ծովը Ադենի ծոցին և նավագնացության առանցքային հանգույց է, որի միջոցով իրականացվում է ծովային հաղորդակցությունը Սուեզի ջրանցքի հետ։ Նեղուցի լայնությունն ամենանեղ մասում 29 կմ է, ինչը սահմանափակում է երթևեկությունը մուտքային և ելքային երկու ուղիներով։
Սա հումքային ապրանքների համաշխարհային ծովային փոխադրումների կարևորագույն երթուղիներից մեկն է, մասնավորապես՝ Պարսից ծոցից Միջերկրական ծով տեղափոխվող հում նավթի և վառելիքի այլ տեսակների, ինչպես նաև դեպի Ասիա ուղարկվող ապրանքների, այդ թվում՝ ռուսաստանյան նավթի համար։