Խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը շաբաթ օրն իր ելույթում հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հաջողությամբ հետ է մղել թշնամուն՝ չնայած վերջինիս ֆինանսական և նյութական գերակա միջոցներին՝ կիրառելով ասիմետրիկ պատերազմի ռազմավարություն, հայտնում է Press TV-ն։
Ղալիբաֆն այս հայտարարությունն արել է հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է շաբաթ երեկոյան։
«Մենք ասիմետրիկ պատերազմ ենք վարել այնպես, որ թշնամուն հետ ենք մղել»,- ասել է նա։
Ըստ խորհրարանի խոսնակի և գլխավոր բանակցողի, հակառակորդի թերությունները ոչ թե ռեսուրսների, այլ ռազմավարության մեջ էին։
«Թշնամին ուներ փող և ռեսուրսներ, բայց նրանք սխալ էին գործում մտահղացման տեսանկյունից։ Նրանք ռազմավարական սխալներ են թույլ տալիս։ Նրանք սխալվում են մեր ժողովրդի հարցում այնպես, ինչպես սխալվում են իրենց իսկ ռազմական ծրագրերում»,- հայտարարել է նա։
Ղալիբաֆն ասել է, որ ԱՄՆ-ն ունի գերակա ռազմական հզորություն, փորձ և ռեսուրսներ, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը հաղթող է դուրս եկել վերջին պատերազմում՝ վարելով ասիմետրիկ պատերազմ և հետ մղելով թշնամուն՝ շնորհիվ մանրակրկիտ պլանավորման և նախապատրաստության։
«Մենք ռազմական առումով ավելի ուժեղ չենք, քան Միացյալ Նահանգները։ Ակնհայտ է, որ նրանք ունեն ավելի շատ փող, սարքավորումներ ու ռեսուրսներ, և քանի որ նրանք այդքան շատ ագրեսիվ գործողություններ են իրականացրել ամբողջ աշխարհում, նրանց փորձը նույնպես գերազանցում է մերինը»,- ընդգծել է իրանցի քաղաքական գործիչը։
Նա նշել է, որ նյութական առավելությունները հաղթանակ չեն երաշխավորում։
«Անշուշտ, սարքավորումները, ռեսուրսները և փողն արդյունավետ են պատերազմում և հաղթանակի հասնելու գործում, սակայն դա միշտ չէ, որ այդպես է»,- նշել է Ղալիբաֆը։