Wikileaks ռեսուրսը պատրաստում է կոմպրոմատների հերթական մասը: Հրապարկման պատրաստվող դիվանագիտական տեղեկություններում նշվում է այն մասին, որ Շվեդիայի արտգործանախարար Կարլ Բիլդտը դեռ 1973թ-ից ԱՄՆ ինֆորմատորն է:
Այս մասին հայտնի է դարձել շվեդական «Էքսպրեսեն» թերթին:
«Կա գաղտնի փաստաթուղթ, որը բացահայտում է, որ Բիլդտը համագործակցել է ամերիկյան վարչակազմի հետ այն ձեւաչափով, որը հակասում է շվեդական օրենքներին»,- իր աղբյուրներին է մեջբերել շվեդական թերթը:
Աղբյուրի խոսքով, եթե փաստաթուղթը հրապարակվի, ապա Բիլդտն ստիպված կլինի հրաժարական տալ: Նշվում է, որ Բիլդտն ամերիկյան կողմից կապ է պահպանել նախկին նախագահ Ջորջ Բուշի ավագ խորհրդական Կարլ Ռոուվի հետ: Ինքը` Բիլդտը, երբեք չի թաքցրել իր հարաբերությունները վերոնշյալ գործչի հետ եւ նույնիսկ նրան անվանել իր հին բարեկամը:
Ըստ «Էքսպրեսենի»` Բիլդտի անցյալի մասին նյութերը Շվեդիայի դեմ պլանավորված միջազգային արշավի մի մասն են միայն, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Շվեդիայի իշխանությունները պահանջում են ներկայումս Լոնդոնում գտնվող Ջուլիան Ասանժի էքստրադիցիան, իսկ դա կարող է նաեւ նրան ԱՄՆ իշխանություններին հանձնելու հնարավորություն ստեղծել:




























