Ադրբեջանը խուսափում է տարածաշրջանային համագործակցությունից` «Արեւելյան գործընկերության» շրջանակներում: Այս մասին այսօր` փետրվարի 22-ին, հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հանդես գալով Երեւանում ընթացող «Եվրանեսթի» ԽՎ սոցիալական, կրթական, մշակութային ու քաղաքացիական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ:

«Մենք մի քանի անգամ Ադրբեջանին առաջարկել ենք համագործակցել «Արեւելյան գործընկերության» շրջանակներում, սակայն միշտ բացասական պատասխան ենք ստացել: Այդ դեպքում մենք կցանկանայիք մտածել, որ ադրբեջանցի պատգամավորների պատրաստակամությունը, որը նրանք արտահայտեցին այս դահլիճում, կամրագրվի գործողություններով»,-հայտարարել է Զոհրաբյանը:

Ի պատասխան, Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, անկուսակցական Ազայ Գուլիեւը ներկայացրել է իր տեսակետը. «Տարածաշրջանային համագործակցությունն Ադրբեջանի համար շատ կարեւոր է: Դրա օրինակներից են էներգետիկ, տրանսպորտային եւ այլ ոլորտներում առկա տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես օրինակ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: Բայց երբ մենք խոսում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ համագործակցության մասին, բախվում ենք լուրջ մարտահրավերների` կապված ղարաբաղյան խնդրի հետ: Յուրաքանչյուր մարդ գիտի, որ Ադրբեջանի 20 տոկոսն օկուպացված է, 1 մլն մարդ բռնի տեղահանվել են իրենց բնակավայրերից: Այդ առումով, մենք պատրաստ ենք համագործակցության, բայց, հավատացեք, դա մեզ համար շատ բարդ է: Մենք դեմ չենք համագործակցությանը, մենք, պարզապես, լրջորեն մտահոգված ենք հակամարտության լուծմամբ: Դրանից հետո ես համագործակցության լուրջ հնարավորություններ եմ տեսնում»,-հայտարարել է Գուլիեւը:

Նա նշել է, որ այսօր` «Եվրանեսթի» պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: «Մենք պետք է ինտեգրվենք եւ մենք երկխոսություն ենք սկսել մեր խորհրդարանականների միջեւ: Նախագահ Սարգսյանը հայտարարել է, որ երկխոսությունը շարունակվում է: Մեր խնդիրն է մտածել, թե ինչպես կարող ենք լավ պայմաններ ապահովել դրա համար»,-հավելել է Գուլիեւը:

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում խստորեն քննադատել է Գուլիեւի ելույթը, նշելով. «Ես հույս ունեի, որ այս լսարանն ամբիոն չի դառնա հռետորության համար: Ադրբեջանցի պատգամավորներն օգտագործում են ցանկացած միջազգային ամբիոն, որպեսզի կրկնեն «20 տոկոս» եւ «1 մլն» թվերը: Միջազգային հանրությունը դրանից հոգնել է»,-հայտարարել է նա:

Քննարկումը հիմնական թեմային են վերադարձրել ՀՀԿ-ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանն ու Արտակ Զաքարյանը: «Ինչ իմաստ ունի քննարկել հարցեր, որոնք դուրս են հանձնաժողովի իրավասությունների շրջանակից»,-ասել է Զաքարյանը: Հ. Սահակյանն էլ հավելել է. «Մենք կարող ենք պատասխան փաստարկներ բերել, բայց մեր հանդիպման թեման այլ է, ուստի հանդես բերելով հայկական հյուրընկալություն, մենք չէինք ցանկանա շեղվել թեմայից»,-ասել է նա: