Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հարազատներն ու ընկերներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով, որ մեղադրյալներից Գեւորգ Հարությունյանի ընտանիքը հեռանա համայնքից։

Քաղաքացիների ձեռքին պաստառներ էին «Կանխարգելե՛ք հնարավոր վտանգը», «Տեղափոխե՛ք Գևորգ Հարությունյանի ընտանիքը Փարաքարից», «Վերականգնե՛ք Փարաքար համայնքի անդորրը» գրառումներով։

Նշենք, որ Հարությունյանների տան մոտ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Այսօր ակցիայի ժամանակ Վալոդյա Գրիգորյանի մայրը դիմեց ոստիկաններին։

«Ինքն է ասել` տղայիս վերջին շունչն է լսել, ուզում եմ իր մոր վերջին շունչը լսել, նույնն էլ ես եմ ասում այսօր։ Մարդուն չեն սպանում իրա սկզբունքների համար։ Հանուն իմ տղու ես պատրաստ եմ ամեն ինչի։ Ոստիկաններ, ճի՞շտ է իրանց տունը հսկելը։ Թող իրավապահները արդար քննություն իրականացնեն ու պատժեն բոլոր մեղավորներին», – ասաց մայրը։