Ֆինլանդիայի Լահտի քաղաքում օրերս տեղի է ունեցել ցնցող պատահար համերգասրահում երաժիշտների ելույթի ժամանակ, գրում է Slipped Disc երաժշտական պորտալը։

Բրիտանացի դիրիժոր Մեթյու Հոլսը ղեկավարում էր նվագախումբը Մաքս Բրուխի՝ ջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար կոնցերտի կատարման ժամանակ, երբ նրա ձեռքը դիպել է մենակատար Էլինա Վյահյալյայի ջութակին՝ Գվադանյինի հազվագյուտ գործիքին։

Շուրջ 1 միլիոն դոլար արժողությամբ ջութակը թռել է օդ ու ընկել հատակին։

Նվագախումբն անմիջապես դադարեցրել է նվագը։ Վյահյալյան, ձեռքերով բռնելով դեմքը, դանդաղ բարձրացրել է ջութակը՝ այն զննելու համար։ Մոտ երկու րոպե տևած լարված դադարից հետո նա որոշել է շարունակել ելույթը մինչև վերջ։

Պատահարից հետո նա դիմել է գործիքների վերանորոգման վարպետի։