ՀՅԴ-ի նախընտրական ցուցակը ոչ ոք ավելի լավ չգիտի, քան Դաշնակցությունը: Այս մասին, այսօր` փետրվարի 22-ին, լրագրողներին ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով ՀՅԴ ցուցակի առաջին տասնյակի վերաբերյալ մամուլի հրապարակումը:

Ըստ այդ հրապարակման` ցուցակը գլխավորելու է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, երկրորդ տեղում է Վահան Հովհաննիսյանը: Առաջին տասնյակում են նաեւ ՀՅԴ-ի չորս նախկին նախարարները` Լեւոն Մկրտչյանը, Աղվան Վարդանյան, Դավիթ Լոքյանն ու Արամայիս Գրիգորյանը:

Վահան Հովհաննիսյանի խոսքով` ճիշտ կլինի միայն այն ցուցակը, որը կհրապարկի ՀՅԴ-ն: «Բացառում եմ, որ մեր հրապարակածը համընկնի վերոնշյալ ցուցակի  հետ»,-հայտարարեց պատգամավորը: Ներկայումս ցուցակի կազմման աշխատանքները շարունակվում են: «Մեր գերագույն մարմինն աշխատում է դրա վրա: Ես, բնականաբար, տեղյակ եմ իրավիճակին, սակայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում ավելի շատ զբաղվել եմ արտաքին քաղաքականությամբ եւ խորհրդարանական դիվանագիտությամբ»,-ասաց նա: