Տեխասում ընթացող Ironman մրցումների լողափուլի ժամանակ խեղդվել է 38-ամյա բրազիլացի մարզուհի Մարա Ֆլավիա Արաուժոն:
Նա անհետացել է մրցատարածության առաջին փուլը հանդիսացող լողափուլի ժամանակ՝ Վուդլենդս լճում։ Մարզուհու անհետացման մասին հայտնի է դարձել տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում։
Վուդլենդսի հրշեջ ծառայության պետ Փալմեր Բաքի խոսքով՝ այդ տարածքում փրկարարական նավակ է եղել, որն ապահովել է մրցումների անվտանգությունը։ Փրկարարները մասնակցի անհետացման մասին ահազանգը ստացել են լողանշաններից մեկի մոտակայքում։
Մարզուհու մարմինը հայտնաբերվել է շուրջ երեք մետր խորության վրա։ Ջրասուզակները ժամը 09:37-ին այն դուրս են բերել ջրի մակերևույթ և հասցրել ափ։
Ironman մրցատարածությունը ներառում է 3,8 կմ լող, 180 կմ հեծանվավազք և 42,2 կմ մարաթոնյան վազք։
Արաուժոն տրիատլոնով սկսել էր զբաղվել 2019 թվականից։ Նա բազմիցս դարձել էր Բրազիլիայում անցկացվող մրցումների մրցանակակիր, երկու անգամ հաղթել էր GP Brasil-ի փուլերում և մասնակցել Ironman 70.3 աշխարհի առաջնությանը։




























