Հայաստանի ԶԼՄ-ներին 1,5 տարվա ընթացքում 300 հազ. դոլարի հայց են ներկայացրել: Այդ մասին այսօր հայտարարեց Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը` հանդես գալով «Եվրանեսթի» սոցիալական, կրթական, մշակութային եւ քաղաքացիական հարցերով կոմիտեի նիստում, որն անցկացվում է փետրվարի 22-23-ը, Երեւանում:
«Հիմնականում հայցերը ներկայացվել են տպագիր մամուլի, մասնակիորեն նաեւ` ցանցային լրատվամիջոցների դեմ»,- ավելացրել է նա` աճը համարելով վտանգավոր միտում ունեցող:
Հիշեցնենք, որ 2010թ. մայիսին վիրավորանքի ու զրպարտության մասին դրույթները ներառվել են Քաղաքացիական օրենսգրքում, որին հաջորդել էին հայցերը ընդդիմադիր թերթերի նկատմամբ:
Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ եվրոպացի պատգամավորները մի քանի անգամ հիշատակեցին ազատ մամուլի մասին, Լ. Բարսեղյանը հիշեցրեց ընդդիմադիր A1+ հեռուստաալիքի մասին, որը փակվել էր 2002թ-ին, եւ չնայած բազմաթիվ փորձերին, այդպես էլ հեռարձակվելու թույլտվություն չի ստացել:
«Բացի այդ, հեռարձակման առաջիկա թվայնացումը չգիտես ինչու կրճատել է հասանելի հաճախականությունները: Տեխնիկական զարգացմանը զուգահեռ, թվում է, հեռուստաալիքների թիվը պետք է ավելանար, սակայն իրականում հակառակն է»,-հայտարարել է Բարսեղյանը:



























