Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող նիդերլանդական Consumers United in Court (CUIC) կազմակերպությունը հավաքական հայց է նախապատրաստում Odido հեռահաղորդակցության օպերատորի դեմ՝ փետրվարին տեղի ունեցած կիբերհարձակման և անձնական տվյալների մասշտաբային արտահոսքի պատճառով։
Կազմակերպության տվյալներով՝ վտանգի տակ են հայտնվել Odido, T-Mobile, Tele2 և Ben բրենդների հաճախորդների տվյալները, այդ թվում՝ նախկին օգտատերերի և անչափահասների վերաբերյալ տեղեկությունները։ CUIC-ը պնդում է, որ գողացված տեղեկատվությունն արդեն իսկ օգտագործվում է չարագործների կողմից՝ ֆիշինգի և այլ խարդախ սխեմաների իրականացման համար։
Կազմակերպությունը գտնում է, որ ընկերությունը խախտել է տվյալների պաշտպանության եվրոպական նորմերը. տեղեկատվությունը պահպանել է չափից ավելի երկար, բավարար չափով չի պաշտպանել համակարգերը, չի սահմանափակել աշխատակիցների հասանելիությունը և ժամանակին չի տեղեկացրել օգտատերերին ու կարգավորող մարմիններին:
Բացի այդ, CUIC-ը հայտարարում է, որ Odido-ն կարող էր անտեսել համակարգում առկա խոցելիությունների վերաբերյալ կիբերանվտանգության մասնագետների զգուշացումները։
Հայցով նախատեսվում է հասնել տուժած հաճախորդների համար փոխհատուցումների տրամադրմանը, տվյալների պաշտպանության միջոցների ուժեղացմանը և արտահոսքի պատճառների բացահայտմանը։ Հայցին կարող են միանալ նույնիսկ նախկին հաճախորդները, ովքեր ընկերության ծառայություններից օգտվել են տարիներ առաջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարին չարագործները հասանելիություն են ստացել շուրջ 6,2 միլիոն օգտատերերի տվյալների բազային, ներառյալ՝ անձնական և ֆինանսական տեղեկությունները։ Նիդերլանդներում քրեական քննություն է իրականցվում միջադեպի փաստով։




























