ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի գիտնականները դիտարկումների ընթացքում առաջին անգամ հինգ ձագերով սև էգ արջ են նկատել, գրում է Popular Science-ը:
Կենդանիների տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում, որից հետո նահանգի Էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության դեպարտամենտի մասնագետները հաստատել են տեսանյութի իսկությունը։ Ըստ նրանց՝ սա տարածաշրջանում երբևէ գրանցված խոշորագույն ձագակազմն է։
Ներկայում Կոնեկտիկուտում ապրում է մոտավորապես 1000-1200 սև արջ։ Տարվա սկզբից նահանգում, հիմնականում հյուսիսարևմտյան շրջանում, գրանցվել է բնակավայերի մոտ հայտնված ավելի քան 1000 կենդանիներ։
Փորձագետները զգուշացնում են, որ էգ արջերը կարող են ժամանակավորապես թողնել իրենց ձագերին գարնանը՝ սնունդ փնտրելիս, ուստի բնակիչներին խորհուրդ է տրվում չմոտենալ քոթոթներին։
Նահանգում սև արջերի պոպուլյացիան կայուն աճում է 20-րդ դարի վերջից՝ լքված գյուղատնտեսական հողերի վրա անտառների վերականգնումից հետո։
Նշվում է նաև, որ ավելի վաղ՝ առաջին անգամ 20 տարվա ընթացքում, Վիետնամում, հայտնվել էին հազվագյուտ կարմիր գայլեր։




























