Առայժմ պաշտոնապես չի հաստատվել, որ Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին։ Այդուհանդերձ, նշվում է, որ Թեհրանը դիվանագիտական դռները բաց է թողնում, և երկխոսության հնարավորությունը տեսականորեն դեռ պահպանվում է։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտնել էր, որ բանակցություններին մասնակցելու հարցում վերջնական որոշում դեռևս չկա։ Իսկ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հանդես էր եկել երկիմաստ հայտարարությամբ. նա ընդգծել էր երկխոսության պատրաստակամությունը, սակայն բացառել էր ԱՄՆ-ի կողմից պարտադրված պայմանները՝ միաժամանակ չբացառելով առճակատման հնարավորությունը։
Հրադադարի ռեժիմի ավարտին ընդառաջ իրավիճակը շարունակում է անորոշ մնալ, իսկ դրա երկարաձգման հեռանկարները նույնպես մշուշոտ են։
Ընդգծվում է, որ նույնիսկ բանակցությունների մեկնարկի դեպքում դրանք կարող են ընթանալ բավականին բարդ հունով։ Պատճառը առանցքային հարցերի շուրջ առկա տարաձայնություններն են, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցին, պատժամիջոցներին, հնարավոր ռազմական փոխհատուցումներին, ինչպես նաև Իրանի հրթիռային ծրագրին ու տարածաշրջանային կապերին։




























