ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է Մ.Մ.-ի (Միքայել Մարգարյան–խմբ) կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՔԿ–ից NEWS.am–ին հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մարտի 27-ին Մ.Մ.-ն Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել:
Մ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին ԱԺ-ի մոտ միջադեպ էր տեղի ունեցել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ. Ակտիվիստ Միքայել Մարգարյանը հայհոյել էր Ալեն Սիմոնյանին, ինչին ԱԺ նախագահը ևս պատասխանել էր հայհոյանքով։ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպը կազմակերպված է եղել, նաև գիտի, թե ում կողմից։
Միքայել Մարգարյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։
Ոստիկանությունից Քննչական ուղարկված հաղորդման համաձայն՝ Մարգարյանը «իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»:





























