Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժած 28-ամյա կնոջ առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Վթարի հետևանքով տուժած 8-ամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, մյուս երկու երեխաների առողջական վիճակը՝ ծանր։

NEWS.am–ի տեղեկություններով վթարի հետևանքով տուժած «BMW»–ի վարորդը նույնպես շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։ Հիշեցնենք, որ նրան ձերբակալելու որոշում կա։

Հիշեցնենք, որ ապրիլի 10–ին, ժամը 11։51-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։

Նախնական տեղեկություններով  BMW եւ «Օպել» մակնիշի մեքենաները հանդիպակաց են դուրս եկել. բախվել են միմյանց, որի հետեւանքով BMW–ն գլորվել է ձորը։ Մահացել է 6 քաղաքացի։ 5 հոգի հոսպիտալացվել է: 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: