Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած հրաձգության միջադեպից հետո իրականացված ծառայողական քննության արդյունքներով՝ Կիևի պարեկային ոստիկանության ողջ ղեկավար կազմը ազատվել է պաշտոններից։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
Նրա խոսքով՝ որոշումները վերաբերել են բոլոր ղեկավարներին՝ դասակի հրամանատարից մինչև Կիևի պարեկային ոստիկանության վարչության պետ Յարոսլավ Կուբրակովին։ Կլիմենկոն նշել է, որ սա կարող է լինել կադրային լուծումների ոչ ամբողջական ցանկը։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ Ուկրաինայի պարեկային ոստիկանության դեպարտամենտի նախկին ղեկավար Եվգենի Ժուկովը նշանակվել է Ազգային ոստիկանության պետի խորհրդական և զբաղվելու է մարտական գործողություններում ոստիկանության ներգրավվածության հարցերով։
Կլիմենկոն հայտարարել է առաջնագծի շրջաններում ոստիկանության աշխատակիցների ներգրավվածության ուժեղացման անհրաժեշտության մասին՝ ներառելով մեկից երկու ամիս ժամկետով հնարավոր ռոտացիան։
Այս որոշումները հաջորդել են ապրիլի 18-ին Կիևի Գոլոսեևյան շրջանում տեղի ունեցած հրաձգությանը, որտեղ զինված տղամարդը կրակ էր բացել բնակելի թաղամասում, պատանդներ վերցրել սուպերմարկետում և սպանվել հատուկ ջոկատայինների գրոհի ժամանակ։ Միջադեպի հետևանքով զոհվել է յոթ մարդ, ևս 14-ը ստացել են վնասվածքներ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ կատարվածից հետո կադրային լուծումներ կընդունվեն «ՆԳՆ ողջ պաշտոնական կազմի համար»։ Նախաքննությունը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն, իսկ ոստիկանության առանձին աշխատակիցների նկատմամբ հարուցվել են գործեր՝ ծառայողական անփութության հոդվածով։





























