ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության եւ նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:

Այն նախագահելու է ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Վերջինս նաեւ Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել է վթարի պատճառներն ուսումնասիրող կառավարական հանձնաժողովի նախագահ:

Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել է 168 մարդ, այդ թվում՝ ինքնաթիռի 15 հոգանոց անձնակազմը: Բոլոր ուղեւորները զոհվել են: Ըստ նախնական տվյալների, ուղեւորների թվում եղել են 37 հայեր, որոնցից 6-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները: