Թուրքիան դեմ չէր լինի Իրանի թուլացմանը։ Ըստ էության, այդպես միշտ է եղել։ Սակայն նա կտրականապես դեմ է Իրանի ոչնչացմանը, կտրականապես դեմ է նրա փլուզմանը։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, ռուսաստանցի թուրքագետ Վլադիմիր Ավատկովը։
Ըստ ռուսաստանցի թուրքագետի՝ դրա մասին շատ հստակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երբ նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևը ցանկություն ուներ Իրանի նկատմամբ ավելի կոշտ ու ակտիվ գործել։
«Այն ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չեզոք դիրք է գրավելու, և որ իր համար գլխավոր խնդիրը սեփական սահմանների անվտանգության ապահովումն է։ Դա շատ կարևոր է։ Հնարավոր է՝ այստեղ իր դերն է խաղում ոմանց գործընկերությունը Իսրայելի հետ, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանի և Թուրքիայի հավասարակշռող գործոնը բնավ քիչ դեր չխաղաց նրանում, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չգործեցին այնպես, ինչպես կարող էին գործել ազգայնական ուժերի ճնշման տակ»,- ընդգծել է փորձագետը։
Ինչպես նշել է Ավատկովը, չպետք է մոռանալ, որ Թուրքիայում և Ադրբեջանում կան ուժեր, որոնք կողմ են Իրանի հյուսիսում բնակվող թուրքերի հարցի բավականին կոշտ լուծմանը։
«Բայց Թուրքիային դա այժմ հետաքրքիր չէ։ Թուրքիան ելնում է նրանից, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի պատերազմի այդ կրակն իր վրա չտարածվի»,- նշել է ռուսաստանցի փորձագետը։











