Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա նիստի օրակարգում ներառված է եղել 14 հարց, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում էր առանձին թիրախային խմբերի։ Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Մեսրոպ Մեսրոպյանն առանձնացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը վերաբերող հարցը։ Մասնավորապես, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլի 22-ի նիստում որոշել է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար մինչև 40%-ով նվազեցնել նոր բաժանորդների միացման սակագները, իսկ գոյություն ունեցող հզորությունների ավելացման կամ նոր հզորությունների միացման վճարը՝ մինչև 55%-ով։
Մեսրոպյանի հավաստմամբ՝ ընդունված որոշումները որևէ քաղաքական ենթատեքստ կամ բաղադրիչ չունեն։ «Հարցը բացարձակ որևէ քաղաքական կոմպոնենտ չունի։ Չնայած դուք և բազմաթիվ այլ քաղաքացիներ կարող են իրենց ձև մեկնաբանել, կարծիք կազմել՝ դա ձեր իրավունքն է»,- նշել է ՀԾԿՀ նախագահը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք նախընտրական շրջանում ընդունված այս որոշումն ունի քաղաքական դրդապատճառներ։











