Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանը փաստերով ու կոնկրետ հաշվարկներով հակադարձում է Փաստերի ստուգման հարթակի (FIP)՝ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած թվերի վերաբերյալ հրապարակմանը:

Հիշեցնենք, որ մարզային այցելություններից մեկում ԲՀԿ նախագահն ասել էր, որ Ռուսաստանից ամսական 150-180 միլիոն դոլար տրանսֆեր է գալիս Հայաստան: Ըստ FIP-ի այդ տվյալները ճշգրիտ չեն: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ հայ միգրանտներից ընտանիքներին ուղարկվող գումարի ամսական չափը վերջին 26 ամիսներին մի քանի անգամ փոքր է հայտարարված ցուցանիշից և չի հատում 40 միլիոն դոլարի սահմանը։

Մելքումյանը նշում է. «Փաստերի ստուգման հարթակը կոպտագույն սխալ է թույլ տվել, ինչ-որ թիվ մի աղբյուրից վերցնել, ասել՝ այս թիվը այսքան է, դա իրականության հետ որևէ աղերս չի կարող ունենալ։ Չի կարելի փաստերի ստուգման հարթակ հանդիսանալ և չստուգված մերկապարանոց հայտարարություն անել և թյուրիմացություն փորձել ստեղծել ամբողջ հասարակության համար։ Մասնագիտական գնահատականը այն է, որ պարոն Ծառուկյանը շատ ճիշտ է ասել, մի բան էլ քիչ է ասել»։

Նա ներկայացրել է Ռուսաստանից Հայաստան եկած տրանսֆերների վերաբերյալ Կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական թվերը ու դրանց հիման արված հաշվարկը. «Կենտրոնական բանկի կայքից թիվ է, որը 3.8 միլիարդ դոլար է 25 թվականին, երբ որ Ռուսաստանից փոխանցումներ է եղել Հայաստան։ Եթե ելակետը վերցնում ենք 3.8 միլիարդը տարեկան և դա բաժանում ենք 12 ամիսների, մենք ստանում ենք 300 միլիոն դոլարից ավելի թիվ։ Դրա մի մասը բանկային փոխանցումների միջոցով է, բայց մի ահռելի մեծ ծավալ գալիս է ձեռքով, այսինքն մարդիկ իրենց հետ բերում են։

Քանի՞ աշխատանքային միգրանտ կամ քաղաքացի է տարեկան գնում Ռուսաստան աշխատելու։ Եթե նույնիսկ վերցնենք, որ դա 100-120 հազար, կամ 130 հազար մարդ է, և եթե գնահատենք, որ ամսական 1000-1500 դոլար են աշխատում, միջանկյալ 1250 դոլար ամսական և դա բազմապատկենք 120-130 հազար մարդու, հենց կստանանք այդ 150-160 միլիոն դոլարը ամսական կտրվածքով։

Սա այն է,  ինչ որ իրենք աշխատում են, հնարավոր է դրա մի մասը բանկային փոխանցումներով գա, հնարավոր է դրա մի մասը կանխիկ եղանակով մարդիկ բերեն։ Այն փոքր թվերը, որ իրենք ասում են, տարեկան, 100 միլիոն, դա աբսուրդի ժանրից է»,–ասաց Մելքումյանը։

FIP-ը նաև առանձնացրել է դրամական փոխանցումների ոչ առևտրային զուտ ներհոսքը, նշելով, որ ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքի չափը տատանվում է 18-ից 40 միլիոն դոլարի սահմանում։

«Գոյություն ունի այսպես կոչված զուտ ներհոսք, այսինքն ինչքան է փոխանցվել և ինչքան է դուրս գնացել։ Հիմա մարդը, որը գնացել է Ռուսաստան, 1000–1500 դոլար ամիսը աշխատի իր ընտանիքին փոխանցի, այդ փողը էլ ինչի՞ է հետ փոխանցում։ Այսինքն Ռուսաստանից մի հատ փոխանցում են այդ 1000 դոլարը Հայաստան, այստեղից էլ այդ 1000 դոլարը փոխանցում են ուրիշ տե՞ղ, սա անհեթեթություն է»,–ասում է Մելքումյանը՝ հավելելով, որ երբեմն փոխանցումները միայն ֆիզիկական անձանց միջև չի, կարող է մարդը այստեղ անհատ ձեռնարկատերի կարգավիճակ ունենա, փոխանցի դրա հաշվին։

Մելքումյանն ասում է, որ պատրաստ է բանավիճել ցանկացած մասնագետի հետ, հիմնավորել իր ներկայացրած հաշվարկներն ու մասնագիտական վերլուծություն ներկայացնել, իսկ փաստերի ստուգման հարթակին կոչ է անում չմոլորեցնել հանրությանն ու հրապարակման հիմքում մասնագիտական հաշվարկներ ու փաստարկներ ներկայացնել։