Ադրբեջանական դատարանը 4 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Վայսերոյին։ Նա մեղավոր է ճանաչվել փողերի լվացման գործով։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա ամռանից Բաքվում ընթանում է կիբերհանցագործությունների և թմրաշրջանառության վերաբերյալ խոշոր դատավարություն, որով անցնում է Ռուսաստանի 8 քաղաքացի։
Բացի Վայսերոյից, մեղադրյալների թվում են նաև Անտոն Դրաչևը, Վալերի Դուլովը, Ալեքսեյ Վասիլչենկոն, Դմիտրի և Իլյա Բեզուգլիները, Դմիտրի Ֆեդորովն ու Սերգեյ Սոֆրոնովը։
Ըստ լրատվամիջոցների՝ նրանց մեղադրանք է առաջադրվել կիբերխարդախության, թմրամիջոցների մաքսանենգության և դրանց հետ կապված ֆինանսական հանցագործությունների համար։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները, այդ թվում՝ խափանման միջոցը մեղմացնելու վերաբերյալ խնդրանքները։
Ռուսաստանի քաղաքացիները կալանավորված են անցյալ տարվա ամռանից։ Նրանք ձերբակալվել են Ադրբեջանի ՆԳՆ հատուկ գործողության ընթացքում, որը նպատակ է ունեցել բացահայտել թմրաշրջանառության և կիբերհանցագործությունների սխեմաները։





























