Քիշնևի Բույուկանի շրջանի դատարանը ապրիլի 22-ին հրապարակել է Մոլդովայի դեմոկրատական կուսակցության նախկին առաջնորդ, օլիգարխ Վլադ Պլախոտնյուկի դատավճիռը։
Նա մեղավոր է ճանաչվել մոլդովական երեք բանկերից «միլիարդի հափշտակությանը» մասնակցելու համար և դատապարտվել 19 տարվա ազատազրկման։
Ըստ քննության տվյալների՝ Պլախոտնյուկը մեկ այլ փախստական օլիգարխի՝ Իլան Շորի հետ կապված ընկերությունների միջոցով ստացել է հափշտակված միջոցներից շուրջ 39 մլն դոլար և 3,5 մլն եվրո։ Նա ներկա չի եղել դատավճռի հրապարակման պահին։
Ավելի վաղ դատախազությունը պահանջել էր նրա համար սահմանել առավելագույն պատիժը՝ 25 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ Պլախոտնյուկը Հունաստանից Մոլդովա է արտահանձնվել 2025 թվականի սեպտեմբերին և այդ ժամանակից ի վեր գտնվել է թիվ 13 բանտում։ Մինչև 2019 թվականը նա համարվել է Մոլդովայի քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից մեկը։





























